Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ցանկացած պայմանավորվածություն շատ փխրուն է, եթե ԼՂՀ-ի ստորագրությունը չկա»

«Ցանկացած պայմանավորվածություն շատ փխրուն է, եթե ԼՂՀ-ի ստորագրությունը չկա»
20.05.2016 | 00:47

Վիեննայի հանդիպում, կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքար՝ սրանք այն հիմնական թեմաներն են, որոնց շուրջ զրուցում ենք ԱԺ պատգամավոր ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ հետ:

«Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ` ՂԱՐԱԲԱՂԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՂ, ԲԱՅՑ ՈՉ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԿՈՂՄ Է»


-Վիեննայի հանդիպումն իրավիճակ կփոխի՞, պարոն Քոքոբելյան:
-Քառօրյա պատերազմից հետո այսքան կարճ ժամանակահատվածում կազմակերպել այսպիսի հանդիպում, նշանակում է բանակցությունների սկիզբ դնել: Սա ինքնին դրական փաստ է: Հիմնախնդիրը կա՛մ բանակցություններով, կա՛մ պատերազմով պետք է լուծվի: Հայաստանը մշտապես ընդգծել է, որ խնդիրը ռազմական լուծում չունի:
-Բանակցությունների ժամանակ Ադրբեջանը ևս վստահեցնում է, որ պատերազմական լուծման կողմնակից չէ, բայց իրականությունն այլ բան է ցուցանում: Ի՞նչ հիմք ունենք այս անգամ հավատալու:
-Այո, այդ բանակցությունների ժամանակ էլ մենք, ցավոք, զոհ ունեցանք: Սա վկայում է այն մասին, որ այս խնդիրը միայն հայտարարություններով, հանդիպումներով չի լուծվելու: Բայց պետք է ընդգծել, որ այս հանդիպումը երկու հանգամանքով էապես տարբերվում է: Ադրբեջանը, չցանկանալով, համաձայնություն է տվել այն առաջարկներին, որ մշտադիտարկման սարքավորումներ տեղադրվեն և Կասպրշիկի խումբը մեծացվի: Համանախագահները պետք է հետամուտ լինեն, որ ժամ առաջ այդ սարքավորումները տեղակայվեն: Բացի նրանից, որ մշտադիտարկման մեխանիզմները ցույց կտան, թե ով է խախտել հրադադարը, այլ կարևոր գործ էլ են անելու: Այս սարքերը հո չե՞ն տեղադրվելու հայ-իրանական սահմանագծում, դրանք լինելու են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Սա նշանակում է, որ Ադրբեջանը, որպես հակամարտող կողմ, փաստացի ընդունում է այն սահմանագիծը, որտեղ այդ սարքերը տեղադրվում են: Այսինքն, սա սահմանագծում է: Այս փաստը չնկատել չի կարելի: Դեֆակտո Ադրբեջանը ստիպված է ընդունել, որ Ղարաբաղի ինքնիշխանությունն այդ սահմանագծով է: Սա նաև հնարավորություն է տալիս սահմանը գծել միջազգային մակարդակով:
-Դուք կարևորեցիք այդ երկու մեխանիզմները, սակայն մեկ անգամ չէ, որ Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունները: Արդեն մեկ նախապայմանից հրաժարման հայտարարություններ կան: Հազիվ թե այս անգամ Ադրբեջանն իր քաղաքականությանը դեմ գնա:
-Որևէ մեկն Ադրբեջանի այդ պնդումները որպես իրողություն չի ընդունում: Նույնիսկ հանդիպման ձևաչափը, հարցերի սրությունը, կազմակերպիչների մեսիջները փաստում են, որ այս անգամ հարցն ավելի լուրջ է դրված: Այս հանդիպումից հետո կազմակերպիչները պետք է հետևողական լինեն, որ կայացված որոշումներն իրականացվեն: Կողմ եմ նաև Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե մինչև հաջորդ հանդիպում մշտադիտարկման սարքերը պետք է տեղադրվեն: Բանակցային առաջին փուլում դա անհրաժեշտ պայման է:
-Շատ քաղաքական գործիչներ պնդում են, որ այս «խաղում» Ադրբեջանը և Հայաստանը որոշիչ չեն: Այս ձևաչափով բավականին արագ հանդիպում կազմակերպելը նշանակում է, որ գերտերություններն այս տարածաշրջանում վտա՞նգ են տեսնում:
-Սա հստակ ամերիկյան նախաձեռնություն էր: Սա նշանակում է, որ եռանախագահող երկրները, միջազգային հանրությունը համոզված են, որ եթե տարածաշրջանում պատերազմ սկսվեր, դա լոկալ բնույթ չէր կրելու, խաթարվելու էր ողջ տարածաշրջանի խաղաղությունը, ինչը կհանգեցներ լայնամասշտաբ պատերազմի: Տարածաշրջանը կվերածվեր մոլորակի ամենատաք կետի: Այս գիտակցումով են մոտեցել խնդրին:
-Բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանը ո՞ր քայլը պետք է առաջնային համարի:
-Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու խնդիր պետք է դնի Հայաստանը։ Ի՞նչ է նշանակում Ղարաբաղը պատերազմող, բայց ոչ բանակցային կողմ է: Ասել է` Ղարաբաղը ճանաչում են պատերազմող երկիր, բայց ոչ բանակցող կողմ: Եթե իրապես ուզում են երկարաժամկետ, հուսալի խաղաղության հաստատում, խնդրի վերջնական լուծում, անհրաժեշտ են ԼՂՀ-ի և՛ մասնակցությունը, և՛ համաձայնությունը: Ցանկացած պայմանավորվածություն շատ փխրուն է, եթե ԼՂՀ-ի համաձայնությունն ու ստորագրությունը չկան: Ռազմական գործողություններին փաստացի պատասխան տվողը ԼՂՀ-ն է:
-Եթե Վիեննայի հանդիպմանը կրկին վերահաստատվեց, որ 94-95-ի հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի, դա մեխանիկորեն չի՞ նշանակում, որ Ղարաբաղը փաստացի բանակցային կողմ է:
-Այդ փաստաթղթերի մասին մենք անընդհատ պետք է խոսենք: Ողջամտությունը հուշում է, որ ԼՂՀ-ն պետք է դառնա լիիրավ կողմ: Սա բխում է ոչ միայն Հայաստանի և ԼՂՀ-ի, այլև բոլոր նրանց շահերից, ովքեր խաղաղության հաստատման կողմնակից են:


«ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՎԵՐԱՑՆԵԼ»


-Թեև այսօր բոլորիս հայացքներն ուղղված են արտաքին քաղաքական զարգացումներին, բայց ներսում էլ ոչ պակաս ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում: Կառավարությունը «կատաղի» պայքար է մղում մենաշնորհների, կոռուպցիայի դեմ: Նախ` հավատա՞նք: Հետո էլ ասում է` ինձ ասեք, թե որտեղ են մենաշնորհները: Իրենք չգիտե՞ն։
-Ծաղկող կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարն ազգային անվտանգության խնդիր է: Վարել ջայլամային քաղաքականություն ու դա չնկատել, անթույլատրելի է: Համամիտ չեմ, որ կառավարությունը չգիտի, թե որտեղ է մենաշնորհը: Հայաստանում շարքային քաղաքացուց սկսած մինչև բարձրաստիճան պաշտոնյա անսխալ գիտեն՝ որը որտեղ է: Բայց կարծում եմ, պետք է կառավարությանն առաջարկներ ներկայացնել, նոր միայն արդյունքներ պահանջել: Մենաշնորհներն իրենց հետ բերում են բարձր գներ, գերշահույթներ, ազատ մրցակցության խոչընդոտում: Մենաշնորհը շատ հեշտ է վերացնել, ընդամենը քաղաքական կամք է պետք, և մեկ ամսվա ընթացքում մենաշնորհը կվերանա: Հայաստանում կոռուպցիայի երևույթներն ամեն քայլափոխի են հանդիպում: Եվ սա լավ օրից չէ: Իհարկե, քաղաքացիներից էլ է շատ բան կախված, քանի որ հստակ գործում է պահանջարկի և առաջարկի օրենքը: Կոռուպցիայի դեմ հստակ հայեցակարգով պետք է պայքարել: Աշխարհում լավագույն փորձեր կան: Մեկ-երկու պաշտոնյայի ձերբակալումը ոչ թե օգնում է կոռուպցիայի վերացմանը, այլ նպաստում է դրա այլ դրսևորումներին, որովհետև սա համակարգային խնդիր է: Մյուս խնդիրն էլ այն է, որ Հայաստանում բացակայում է արդյունավետ, բարեխիղճ կառավարումը, բյուջեի հասցեական բաշխումը: Հայաստանում կա արտաբյուջե, որը 21-րդ դարում անթույլատրելի է: Սա պետք է վերացվի: Ամենացցուն կոռուպցիոն հնարավորություններ ստեղծող հանգամանքն արտաբյուջեի առկայությունն է: Կոռուպցիայի վերացման համար էական է նաև արդարադատությունը, որ Հայաստանում գոյություն չունի: Եթե արդարադատություն լիներ, որևէ խնդիր չէր լինի: Կառանձնացնեի նաև քաղաքական համակարգի կոռուպցիան, որն առաջնահերթ պետք է վերացվի: Այլապես բոլոր ոլորտներում անհնար է արդյունքներ ակնկալել:
-Պարոն Քոքոբելյան, այս կառավարությունն ի վիճակի՞ է պայքարելու Ձեր նշած արատավոր երևույթների դեմ:
-Այո, վստահաբար եմ դա ասում: Կա միջազգային փորձ, և նոր հեծանիվ հորինել պետք չէ:
-Կոռումպացված պաշտոնյան ինքն իր դեմ կարո՞ղ է պայքարել:
-Կոռուպցիան անձերի խնդիր չէ, այլ համակարգի:
-Համակարգն անձերից է բաղկացած:
-Իհարկե, անձից էլ է շատ բան կախված: Կարևորագույն պաշտոնյան, եթե ինքն է հրաժարվում կոռուպցիայից, այն հիսուն տոկոսով նվազում է: Բայց կա հստակ իրողություն. այս համակարգն է նպաստել կոռուպցիայի մեծացմանը: Պիտի այնպիսի համակարգ ստեղծել, որ անգամ ցանկության դեպքում պաշտոնյան չկարողանա կոռուպցիայով զբաղվել:

Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ